«Համախմբումի» հիմնադիր համագումարը սկսվեց ՀՀ հիմնով (ե՞րբ են մեր հին ու նոր կուսակցությունները սովորելու սեփական հիմն ունենալու քաղաքական մշակույթը) ու առանց հյուրերի: Ծափերով և քվեարկությամբ հաստատվեց կուսակցություն ստեղծելու որոշումը: Նախագահ, բնականաբար, ընտրվեց Վարդան Օսկանյանը։ Որևէ այլ թեկնածու չկար: Ընտրվեց ու իրեն հատուկ, անկաշառ, պատմական անկեղծությամբ ասաց, որ ջանք չի խնայելու, որ միասին հասնեն այն նպատակներին, որոնց իրականացման համար ստեղծում են կուսակցությունը:
ՈՒ՝ սկսե՛ց: Գյուտ՝ գյուտի վրա՝ «Համախմբումը» նոր մշակույթ կբերի կուսակցաշինության գործելաոճ, կլինի բաց և թափանցիկ, հնարավորություն կտա յուրաքանչյուր անհատի, հատկապես երիտասարդներին, ինքնադրսևորվելու, կապահովի սերնդափոխությունը (այսինքն՝ ինչպե՞ս), համարձակորեն և ազնվորեն կխոսի թերությունների, ձախողումների և երկրի առաջ ծառացած խնդիրների մասին (մյուսներն ի՞նչ են անում): Խոստացավ՝ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգության և արտաքին քաղաքական հարցերում առաջարկել հստակ ծրագիր և նպատակային լուծումներ (կա՞ մեկը, որ չի առաջարկում): Վարդան Օսկանյանը բավականաչափ ապրել է Հայաստանում, որ հայերենին լավ տիրապետի: Գործի բերումով էլ՝ պիտի բառի արժեքն իմանա՝ իմաստներով ու նրբիմաստներով, ենթատեքստերով՝ հաստատ: Առավել ևս՝ բառակապակցությունների: ՈՒ երբ նա ասում է, որ նոր ստեղծվող կուսակցությունը քաղաքական բևեռ ձևավորելու հայտ է ներկայացնում, միանգամից ու բացահայտ ասում է՝ Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ ու խորհրդարանական ընտրությունները առանց նրա չեն անցնի: Բայց երբ նույն նախադասության մեջ ասում է, որ լինելու է «հանրության համար նոր իշխանության հուսալի հավակնորդ»՝ միանգամից ու բացահայտ ասում է՝ Ռոբերտ Քոչարյանը չի գալու:
Հիմա գալո՞ւ, թե՞ չի գալու: Բայց դա միակ պարադոքսը չէ: Իրավաբանությունից հեռու Վարդան Օսկանյանն ասում է՝ «Համախմբումը» կուսակցություն է` ինչքանով օրենքի պահանջն է, ու վախեցնում է՝ «Սա լինելու է վերկուսակցական կառույց, լինելու է ժողովրդական շարժում, որը համախմբելու է մեր ողջ հանրությանը»՝ սա էլ երևի Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերն է: Հետո երկար-բարակ նկարագրում է «երկրի և ժողովրդի ճակատագրական պահը», որ բոլորս առանց նրա էլ գիտենք: Քաղաքական մենաշնորհ, անարդարության ու անհանդուրժողականության մթնոլորտ, տնտեսական մենաշնորհը, որ կործանում է տնտեսական համակարգը և խոչընդոտում զարգացումը, մարդուն դարձնում հպատակ և ոչ թե հպարտ քաղաքացի, որը, ի վերջո, արտագաղթում է երկրից:
Ի՞նչ է խոստանում իշխանության գալուց հետո Վարդան Օսկանյանը: ՝
Առաջին՝ արմատական, երկրորդ և երրորդ սերնդի բարեփոխումներ՝ հնարավորինս կարճ ժամանակում:
Երկրորդ՝ համարձակ, խիզախ և ընդլայնողական, բայց իրատեսական տնտեսական քաղաքականություն:
Երրորդ՝ անվտանգության և պաշտպանության հարցերի վերագնահատում:
Ինչպե՞ս: Մեղմ ասած՝ ոչմիպես: Մանիֆեստների ու նախըտրական կարգախոսների մակարդակով: Միայն մեկ օրինակ՝ «Բանակը պետք է դադարի «բեռ» լինել բյուջեի համար, իսկ երիտասարդների զինվորական ծառայությունը՝ մտահոգություն նրանց ծնողների համար: Բանակը պետք է դառնա մեր պետության ամենաառաջադեմ և էլիտար կառույցը: Այնտեղ մեր երիտասարդները պետք է ցանկանան ծառայել: Այն պետք է լինի նրանց հետագա հաջողության գրավականը: Բանակը պետք է դառնա մեր տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման շարժիչներից մեկը՝ իր պատվերներով ու պահանջարկով: Բյուջեից տրամադրված յուրաքանչյուր լումա պետք է բազմապատիկ վերադարձելիություն ապահովի տնտեսության մեջ: Բանակը պետք է դառնա կրթական դարբնոց, որը յուրօրինակ լրացում կլինի հանրակրթությանն ու բուհական կրթությանը»: Եվ վերջապես Վարդան Օսկանյանը վերադառնում է ու խոստանում է վերադարձնել 25-ամյա անկախ Հայաստանի «ոսկեդարը»՝ «վերադարձ կոմպլեմենտար արտաքին քաղաքականությանը»: Օսկանյանը հերթապահ մեղադրանքներ է ներկայացնում Էդվարդ Նալբանդյանին (համարեք՝ Սերժ Սարգսյանին՝ իբրև արտաքին քաղաքականության պատասխանատու)՝ «Վերջին տարիներին մեր արտաքին քաղաքականությունը չի ունեցել գաղափարական հենք և միջոցից վերածվել է նպատակի: Էապես խախտվել է մեր արտաքին քաղաքական հավասարակշռությունը համաշխարհային երեք բևեռների միջև, այդ իսկ պատճառով երկկողմ կամ բազմակողմ հարաբերություններում չենք ունեցել որևէ շոշափելի առաջընթաց, եթե չասեմ, որ հետընթաց ենք ունեցել բոլոր ուղղություններով»: Հետաքրքիր է՝ հետընթաց ասելով՝ նկատի ունի ԵՄ-ի՞ց հրաժարումը ու ԵԱՏՄ-ին անդամակցումը, թե՞ պարզապես պիտի ասի՝ ասում է:
ՈՒ պատկերացրեք, որ խոստանում է «Որպես արտաքին քաղաքականության գաղափարական հենք՝ մենք կվերադարձնենք կոմպլեմենտարիզմը, որը տասը տարի մեծ արդյունավետությամբ ծառայել է Հայաստանի Հանրապետության նպատակների իրականացմանը: Տասը տարի պահպանվել է խաղաղությունը, ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապահովվել են օտարերկրյա ներդրումների հարաճուն հոսք և երկրի շարունակական տնտեսական աճ»: Սա արդեն երկրորդ բառացի հաստատումն է, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է և վերադառնում է հին ու կարկատանված գաղափարներով: Կոմպլեմենտարիզմը իր «ոսկեդարում» գույք էր հանձնում պարտքի դիմաց, բաշխիչ ցանցերը, էներգետիկ համակարգը, գազամուղը՝ ընտրությունից ընտրություն՝ մաս-մաս հանձնում էր երկիրը, ուզում էր՝ կրակում էր, ուզում էր՝ բանտարկում էր, ուզում էր՝ ազատ էր արձակում, և Վարդան Օսկանյանը իր պոստում անխոնջ ամեն ինչ «բացատրում» ու «հիմնավորում» էր, այսօր էլ փորձում է հիմնավորել ու համոզել, որ մենք դրախտից դժոխք են ընկել ու պարտավոր ենք վերադառնալ դրախտ:
Եվս մի պարադոքս՝ Վարդան Օսկանյանի դրախտն այս անգամ փորձում է հասցեն փոխել (իսկ գուցե ոտնահետքերը խճճել)՝ ամեն ինչ փոխելուց, Ղարաբաղի հարցն էլ լուծելուց հետո մենք «իրական մասը կկազմենք եվրոպական մեծ քաղաքակրթության»: Չի՞ սխալվել Վարդան Օսկանյանը՝ եվրոպակա՞ն էր ուզում ասել, թե՞ եվրասիական: Ո՞Ւր մնաց կոմպլեմենտարիզմը:
Եվ այսպես՝ մինչև վերջ: Մինչև իբրև «իսկական հայաստանցի, իսկական ղարաբաղցի, իսկական հալեպցի, որը հաստատ պակաս բան չի արել իր հայրենիքի համար, քան ուրիշները, քան գործող շատ բարձրաստիճան պաշտոնյաներ»՝ հասարակության մեջ կնվազեցնեն ցինիզմը և ամենավատին հավատալու պատրաստակամությունը՝ «Դա մարդկանց ուժ կհաղորդի ասելու այն, ինչին հավատում են, և հավատալու նրան, ինչ ասում են»: ՈՒ՝ ի՞նչ:
Առաջներում, երբ դեռ ԲՀԿ անդամ էր, Վարդան Օսկանյանն ավելի պերճախոս, հիմնավոր ու նույնիսկ պատկերավոր էր քննադատում իշխանությանը: Գեղեցիկ էր քննադատում, ոգեշնչված, հավատով: Բայց Գագիկ Ծառուկյանի հետ ոգեշնչումը հեռացավ ու մնաց կյանքի պրոզան։ Գործնականում՝ Վարդան Օսկանյանը ասաց այն, ինչ սովորաբար ասում են նման դեպքերում՝ բարձրագոչ հայտարարություններ նպատակների առումով, ընթացիկի մերժում, որի մեջ նա խորամտորեն ժլատ եղավ քննադատության լայնքի ու երկայնքի առումով, ու՝ վերջ: Պլատֆորմը, որի վրա ոտքը քաղաքական գետնի վրա կդնի թոշակառուի գնացքից իջնող երկրորդ նախագահը, ստեղծված է, մինչև հայտնի պահը կասֆալտապատվի, կկոկվի, կհղկվի, ավելորդներից կազատվի, նորերին կգնի, բևեռ-մևեռ, առանցք-մառանցք դառնալը պատկերավոր քաղաքական չափազանցություններ են: Իրականում կլինի ներիշխանական դաշտում նոր ստատուս քվո՝ բոլոր նրանց հետ, որ Ընտրական օրենսգրքի պատմական կոնսոլիդացիայով շահեցին հնգական տոկոսները, կհավելվեն ևս մի քանի «հինգտոկոսանոցներ»՝ մենակ, թե դաշինքով, էական չէ, կգան, որ համալրեն բացարձակ ժողովրդավարության հաղթանակի կոմպլեմենտար պատկերը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե փոխողները այսպիսին են ու փոփոխությունները այսպես են պատկերացնում, ի՞նչ իմաստ ունի փոփոխությունը: